Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ՝ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ Մունիր Սաթուրը, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ Նիլս Ուշակովսը, Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողներ Միրիամ Լեքսմանն ու Դան Բառնան համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ դատապարտելով Ադրբեջանում պահվող հայ գերիների գործերով փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանի կայացրած վճիռը։
Նրանց կարծիքով, այս քայլը կարող է վնասել Հարավային Կովկասում ձևավորվող փխրուն, բայց դրական խաղաղության մթնոլորտին։
Հայտարարության մեջ նշվում է, որ Բաքվի դատարանում կայացված վճիռները, որոնց թվում են նաև ցմահ ազատազրկման հինգ դատավճիռ, տեղի են ունենում զգայուն փուլում։ Անցած տարվա ընթացքում Հայաստան–Ադրբեջան հարաբերություններում նկատվել են խաղաղության և վստահության որոշակի ազդակներ։
Հիշատակվում է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին կողմերը Վաշինգտոնում հայտարարեցին առաջընթացի մասին և նախաստորագրեցին «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստը։ 2026 թվականի հունվարին Ադրբեջանը ազատ արձակեց չորս հայերին, որոնք գերեվարության մեջ էին 2020 և 2023 թվականներից ի վեր։ Բացի այդ, նշվում է գործնական համագործակցության մասին՝ բեռնափոխադրումների տարանցումը Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան։
Հայտարարության հեղինակները նաև ուշադրություն են հրավիրում միջազգային խորհրդանշական հանգամանքի վրա՝ նշելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը արժանացել են 2026 թվականին Զայեդի մարդկային եղբայրության մրցանակին՝ խաղաղությունը խթանելու ուղղությամբ իրենց հետևողական ջանքերի համար։
Այս համատեքստում եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին հենվել ներկայիս դրական շարժի վրա և ազատ արձակել Ադրբեջանի հսկողության տակ գտնվող բոլոր հայ գերիներին՝ դա որակելով որպես նշանակալի բարի կամքի դրսևորում և կայուն խաղաղության ուղղությամբ անհրաժեշտ քայլ։