Ավստրիայում փետրվարի 16-19-ը նախատեսված Եպիսկոպոսաց ժողովի հնարավորությունը հարցի տակ է։ Չնայած Մայր Աթոռը դեռ չի հստակեցրել իր որոշումը, սակայն, որոշ տեղեկություններով, եպիսկոպոսների արմատական թեւը պնդում է, որ այն ամեն գնով պետք է կայանա, թեկուզ՝ առցանց եղանակով, եթե հոգեւորականներին չթույլ տան մեկնել Ավստրիա։

Նրանց կարծիքով, Վեհափառի կողմից հերթական զիջումը կլինի ժողովի չեղարկումը՝ Եկեղեցու շահերը խաթարելով։ Հիշեցնենք, որ անցած տարեվերջին նախատեսված Եպիսկոպոսաց ժողովը նույնպես չեղարկվեց իշխանական ճնշումների պատճառով։

Վեհափառը, թերևս, հույս ունի, որ իրավիճակը չսրելով կարող է Փաշինյանին բերել կառուցողական բանակցությունների դաշտ։ Սակայն վարչապետը հստակ հայտարարել է, որ բանակցելու է միայն կաթողիկոսի հեռանալու հարցի շուրջ։

Մյուս կողմից՝ նախանձելի վիճակում չէ նաեւ Փաշինյանը։ Նրա սկսած արշավը դժվարանում է, եւ թիմակիցները թաքուն խոստովանում են, որ պարտվել են կաթողիկոսի դեմ հայտարարած պատերազմում։ Նրանք, սակայն, դեռ հույս ունեն, որ «կհաղթեն», եթե հաջողվի պահպանել իշխանությունը հունիսի ընտրություններում։ Այդ դեպքում Վեհափառի գնալը կդառնա օրերի, անգամ՝ ժամերի հարց։