Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ բարձրացող հասարակական լարվածության եւ անհանգստության արտահայտման միջոցներից մեկը դիմումներն են միջազգային կազմակերպություններին եւ երկրների իշխանություններին՝ խնդրելով միջամտել եւ լուծել այն խնդիրները, որոնք, մեր կարծիքով, իշխանությունները չեն կարողանում կամ չեն ուզում լուծել։ Օրինակ, Բագրատ Գալստանյանը, որը գտնվում է իշխանությունների կողմից գերեվարված վիճակում, դիմել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ խնդրելով միջամտել եւ վերջ դնել Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացվող հալածանքներին։

Սակայն այս մոտեցման հիմքում ընկած տրամաբանությունը, իմ կարծիքով, պահանջում է խորը վերլուծություն։ Ինչո՞ւ պետք է ակնկալել, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ԵՄ-ի կամ որեւէ այլ երկրի իշխանությունները կամ միջազգային կազմակերպություններ կլուծեն Հայաստանի եւ նրա քաղաքացիների խնդիրները։ Ինչո՞ւ նրանք պետք է առաջնորդվեն մարդասիրական գթասրտությամբ կամ համերաշխությամբ, երբ նրանց գործողությունները հաճախ կառավարվում են բացառապես սեփական պետական շահերով։

Այս հարցին պատասխանը պարզ է՝ նրանք չեն լուծի։ Բոլոր պետությունները եւ միջազգային կազմակերպություններ առաջնորդվում են իրենց շահերով։ Եթե Հայաստանի խնդիրները համապատասխանում են նրանց շահերին, նրանք կարող են ճնշում գործադրել իշխանության վրա, ինչպես անում էին նախկինում։ Բայց եթե դա իրենց չի հետաքրքրում, ապա նույնիսկ հազարավոր ստորագրություններով դիմումներն էլ անարդյունք կմնան։

Այս իրողությունը հասկանալը հիմնարար է, քանի որ այն բացահայտում է մեր հասարակության մոտեցման խնդիրը։ Յուրաքանչյուր անգամ, երբ մենք դիմում ենք արտաքին ուժերին՝ խնդրելով լուծել մեր խնդիրները, մենք ակամա խոստովանում ենք, որ մենք՝ որպես հասարակություն, անընդունակ ենք լուծելու այդ խնդիրները։ Մենք ակամա խոստովանում ենք մեր անզորությունը ոչ միայն ազդելու իշխանությունների որոշումների վրա, այլեւ փոխարինելու ապօրինի եւ հակազգային իշխանություններին ավելի օրինական եւ ազգայիններով։ Մեր միակ հույսը դառնում է արտաքին միջամտությունը։

Սա բարոյապես վնասակար մոտեցում է, որը կասկածի տակ է դնում մեր պետական ինքնիշխանությունը եւ մեզ վերածում է մի հաշմանդամ հասարակության, որն իր բոլոր հարցերի պատասխանը փնտրում է դրսում։

Հայաստանին եւ նրա հասարակությանը հուզող խնդիրների լուծումը հնարավոր է միայն մեր միջոցով, երկրում լեգիտիմ եւ օրինական իշխանության ձեւավորման պայմաններում։ Մյուս բոլոր տարբերակները եւ փորձերը ոչ միայն արդյունավետ չեն, այլեւ խորհրդանշում են մեր ազգային ինքնագիտակցության եւ ինքնուրույնության նկատմամբ վստահության կորուստ։ Մենք պետք է հասկանանք, որ մեր ճակատագիրը մեր ձեռքերում է, եւ մենք ենք պետք, որ լուծենք մեր խնդիրները։