Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել է իմ բողոքը և պարտավորեցրել է քննիչին նախաձեռնել քրեական վարույթ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածի հատկանիշներով (հեռախոսային խոսակցության գաղտնիությունը ապօրինի խախտելը)։
Այս որոշումը կայացել է 2025 թվականի հոկտեմբերի 17-ին հրապարակված նյութի հետևանքով, որտեղ հայտնվել էր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի միջև 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը։ Նույն աղբյուրում հրապարակվել էր նաև այդ խոսակցության ամբողջական ձայնագրությունը։
Այս իրադարձությունների կապակցությամբ Քննչական կոմիտեն նախնական վարույթ էր նախաձեռնել 2025 թվականի հոկտեմբերի 22-ին՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը օգտագործելով հավաք անցկացնելուն․․․ հարկադրելը․․․)։
Իմ կողմից ներկայացված բողոքը, որը պահանջում էր նաև 206-րդ հոդվածի հիմանադրույցներով վարույթի նախաձեռնում, 2025 թվականի հոկտեմբերի 29-ին մերժվել էր Քննչական կոմիտեի կողմից, իսկ դրա դեմ ներկայացված բողոքը՝ 2025 թվականի նոյեմբերի 18-ին, մերժել էր ՀՀ գլխավոր դատախազությունը։
Իրավապահ մարմիններին ընդհանրապես չի հետաքրքրել, որ հեռախոսային խոսակցության ձայնագրությունը կատարվել է գաղտնի և ամենայն հավանականությամբ տեխնիկական հատուկ միջոցներով, որոնք նախատեսված են հավաքելու տեղեկատվություն գաղտնի եղանակով։ Միայն այդպիսի սարքավորումներով էր հնարավոր երեք տարբեր անձանց միջև ընթացող խոսակցությունը միաժամանակ ձայնագրել։ Ինչպես նաև ենթադրվում է, որ խոսակցությունները հետագայում ենթարկվել են մոնտաժի և փոփոխության։
Երևանի առաջին ատյանի դատարանը, ուսումնասիրելով գործը, եզրակացրել է, որ «առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները» և պարտավորեցրել է քննիչին ստուգել հաղորդման մեջ նշված փաստերը։