Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակի որոշումը վարույթ իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդության վերաբերյալ, որը վերաբերում է Արշակ սրբազանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու հարցին։ Այս մասին լրագրողներին տեղեկացրին պաշտպանները՝ դատական նիստի ավարտից հետո։ Որոշումը կհրապարակվի փետրվարի երեքին, ժամը 11:30-ին։

Այսօր դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ քննվել է վարույթ իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդությունը։ Պաշտպաններից Ռուբեն Մելիքյանը նշեց, որ ներկայացված միջնորդությունը ավելի խիստ է, քան նախորդը, և ուղղված է իրավունքների սահմանափակման ծավալի ավելացմանը։

«Մեր դիրքորոշումները էլ ավելի խորացան, որ սա անձամբ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեի հանձնարարությամբ ՀՀ օր օրի ապահայկականացող իշխանությունների կողմից եկեղեցու դեմ ծավալվող հալածանքի մի դրվագ է», – ասաց Մելիքյանը։

Պաշտպաններից Արսեն Բաբայանը նշեց, որ 4 ժամ տևած քննության ընթացքում նրա տպավորությունն ակնհայտորեն հակասական էր։ Նրա խոսքով՝ դատական նիստի ընթացքում քննարկվող հարցերը հեռու էին իրավաբանական բնույթից։

Հիշեցնենք, որ Արշակ սրբազանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է 2018 թվականին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման մասնակիցներից մեկին վարկաբեկելու նպատակով ակցիայի մասնակիցներից մեկի պայուսակում թմրամիջոց (մարիխուանա) գցելու հրահանգի։ Գործի միակ իրեղեն ապացույցը՝ մարիխուանայի գլանակը, մամուլի տեղեկացմամբ կորել է։