Երևանի առաջին ատյանի դատարանը քննության է առել և բավարարել է Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը՝ իրենց պաշտպանյալի մոտ վարսահարդարի այցելություն թույլ տալու վերաբերյալ։
Ինչպես հայտնի է դարձել, նախաքննական մարմինը տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի վարսավիրին թույլ չի տվել այցելել նրանց տուն և կտրել նրա մազերը։ Այս հարցի լուծման համար պաշտպաններն ստիպված են եղել դիմել դատարան։
Սամվել Կարապետյանի պաշտպաններից մեկը՝ Արշակ Վարդանյանը, հաստատել է, որ դատարանը բավարարել է իրենց միջնորդությունը՝ թույլ տալով, որ վարսավիրն ամսական 2 անգամ ծառայություն մատուցի Կարապետյանին։
«Քրեակատարման հիմնարկներում պահվելու ընթացքում վարսավիրն ազատ ելումուտ է ունեցել, սակայն տնային կալանքի դեպքում բոլոր տեսակցություններն արգելվել են, բացառությամբ տան մի քանի աշխատակցի։ Վարսավիրի մասը բաց էր մնացել։ Մենք պարբերաբար դիմել ենք քննիչին, դատախազին՝ մերժում ենք ստացել, պրոբացիային՝ նշել են, որ այն իրենց տիրույթում չէ։ Հարկադրաբար դիմեցինք դատարան՝ այս հարցը լուծելու համար»,- ասել է փաստաբանը։
Դատարանը մոտ երեք ժամանոց նիստ է անցկացրել՝ լսելով կողմերի տեսակետները։