Այսօր առավոտից Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակում գտնվող «Սուրբ Յոթ վերք» եկեղեցու բակում սկսվել է ստորագրահավաք՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին տնային կալանքից ազատ արձակելու պահանջով։

Ստորագրահավաքին միացել են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ազգային Ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը և Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները։ Բազմաթիվ մտավորականներ և շարքային քաղաքացիներ, այդ թվում՝ երիտասարդներ, նույնիսկ անտեսելով հրապարակում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կազմակերպված համերգը, շտապում են ստորագրություն դնել՝ համարելով, որ առաջնորդը քաղբանտարկյալ է։

Ստորագրահավաքի հիմքում ընկած է «Հայտարարություն ու հասարակական պահանջ», որում նշվում է, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը և կիրառված խափանման միջոցը, որը տնային կալանքն է, հասնում է խոշտանգման։ Հայտարարության համաձայն՝ Սրբազանը զրկված է նույնիսկ ժամերգություններին մասնակցելու իրավունքից, ինչը համարվում է միասնական աղոթքի դրսևորման անհրաժեշտ ձև։

Հավատացյալները պնդում են, որ Սրբազանի անազատության պատճառով տուժում է նրանց սահմանադրական իրավունքը՝ կրոնական պահանջմունքները բավարարելու։ Նրանք պահանջում են անհապաղ վերացնել տնային կալանքը, դադարեցնել քրեական հետապնդումը և հռչակել առաջնորդի անմեղությունը։

Ստորագրահավաքին մասնակցողներից մեկը՝ երիտասարդ Աբրասիմ Աթոյանը, տեղեկացրեց, որ թղթի վրա ստորագրել է արդեն 500 մարդ, իսկ էլեկտրոնային տարբերակով՝ մոտ 3500 հազար։

Ստորագրահավաքին մասնակցող քաղաքական գործիչները նշում են, որ իրենց ընդհանրապես չեն հետաքրքրում իշխանությունների կողմից կազմակերպվող միջոցառումները, այլ կենտրոնացած են իրենց ուժերը վերականգնելու արդարությունը և դադարեցնելու հոգևոր առաջնորդի նկատմամբ իրականացվող հետապնդումները։