Այսօր՝ հունվարի 8-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհի վրա, Կոշ գյուղի մուտքի մոտ տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով երկու մարդ է վիրավորվել։

Դեպքի մասին տեղեկությունը ստացվել է ժամը 18։20-ի սահմաններում։ Ըստ նախնական տվյալների՝ «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենային, որը բախման հետևանքով կողաշրջված է հայտնվել ճանապարհից դուրս։

Ինչպես տեղում հայտնում են իմ ֆոտոլրագրական թիմի անդամները, վթարի հետևանքով վիրավորվել են երկու մարդ։ Նրանք առաջին հերթին օգնության են հասել քաղաքացիները, որոնք վիրավորներին մինչև «Աշտարակ» բժշկական կենտրոն տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ։ Նրանք սահմանազատել են վթարի տեղը և տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Վարչությունից ժամանել է քննչական խումբ՝ վարչության պետի պարտականությունները կատարող Արթուր Մնոյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Քրեական վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակում պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Հայտնի է, որ վիրավորներից մեկը Գյումրիում հայտնի բլոգեր և հասարակական գործիչ Արթուր Ադամյանն է, ով եղել է կողաշրջված ավտոմեքենայի ուղևոր։ Ըստ տեղում առկա տեղեկությունների՝ նրանք և ավտոմեքենայի վարորդը փրկվել են, քանի որ եղել են ամրակապված։ Բախումը տեղի է ունեցել այն դեպքում, երբ նրանք դեպի Գյումրի էին շարժվում, իսկ «Kia Sportage»-ն բախվել է նրանց ավտոմեքենայի հետնամասին։