Ադրբեջանը Հայաստանին փոխանցել է գերիներից 4-ի խումբը։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին»,– նշել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ նրանք այժմ գտնվում են Հայաստանի տարածքում։ Ավելի ուշ նա խոստացել է հրապարակել լրացուցիչ տեղեկություններ։

Գերիների մասին

Գևորգ Սուջյանը (1989թ․ ծնված) և Դավիթ Դավթյանը (1993թ․ ծնված) առևանգվել ու գերեվարվել էին 2020 թ․ նոյեմբերի 11-ին Բերձոր-Շուշի ճանապարհով մարդասիրական օժանդակություն մատակարարելու ընթացքում։ 2021թ․ նրանց 15 տարվա ազատազրկման էին դատապարտել լրտեսության շինծու մեղադրանքով։

Վագիֆ Խաչատրյանը (1955թ․ ծնված) առևանգվել ու գերեվարվել էր 2023թ․ հուլիսի 29-ին Լաչինի միջանցքի ապօրինի ադրբեջանական անցակետի մոտակայքից՝ շտապ բուժօգնության նպատակով Կարմիր խաչի մեքենայով տարհանվելու ընթացքում։ Նրան 2023 թ․ 15 տարվա ազատազրկման էին դատապարտել 1990-ականներին «ցեղասպանություն իրականացնելու» շինծու մեղադրանքով։

Վիգեն Էուլջեքջյանը նույնպես գերեվարվել էր 2023թ․ հուլիսի 29-ին։

Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որի մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք։ Նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։