ՀՀ քննչական կոմիտեում հարցաքննությունից հետո Գերագույն հոգևոր խորհրդի քարտուղար տեր Մովսես քահանա Սահակյանը լրագրողների հետ զրույցում իր և այլ եպիսկոպոսների նկատմամբ ընթացող հարցաքննությունները զավեշտ է համարել։
Նրա խոսքով՝ իրեն, որպես խորհրդի քարտուղար, կանչել են որպես մեղադրյալ։ Քահանան պարզաբանեց, որ իր պարտականությունները կազմակերպչական բնույթի են, և նա որոշումներ կայացնող մարմին չէ։ «Իմ ձայնն այնտեղ չի լսվում, ժողովներին ես չեմ խոսում»,- նշեց նա՝ ընդգծելով, որ իր մասնակցությունը չի կարող ազդել որևէ իրադարձության վրա։
Տեր Մովսեսը հայտնեց, որ մանրամասներ չի կարող բացահայտել՝ նախաքննական գաղտնիքի պատճառով։ Նրա կարծիքով՝ այս իրադարձությունները «զավեշտ են», և ցավ է ապրում, որ միակամություն ստեղծելու և սեր տարածելու փոխարեն հարցաքննությունների են կանչվում։
Հարցադրվելով այն մասին, թե արդյոք ճնշումների հետևանքով կփոխի իր ճամբարը, տեր Մովսեսը հստակ պատասխանեց՝ «Ոչ, երբեք նման բան չի լինի, նույնիսկ եթե ինձ կալանավորեն»։
Քահանան հռետորական հարց հնչեցրեց՝ նշելով, որ հանցագործներ այլևս չկա՞ն, հանցագործությունները պակասե՞լ են, որ վերջին շրջում այսքան շատ հոգևորականների են կանչում Քննչական կոմիտե և տալիս մեղադրյալի կարգավիճակ։
Հիշեցնենք, որ վերջին շրջում ՀՀ իշխանությունները սկսել են ակտիվ գործողություններ իրականացնել Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Այս գործընթացին աջակցում են 2026 թ-ի հունվարի 4-ին «բարենորոգման» մեկնարկը հայտարարած 10 եպիսկոպոսները և վարչապետ Նիկոլ Փաշինյանը։