Այսօր դատական նիստի ընթացքում հետազոտվեցին Ազատ գյուղում տեղի ունեցած զինվորական կացարանի հրդեհի հետևանքով զոհված 15 զինվորի գործով տուժող, հրդեհից ողջ մնացած զինծառայող Գարուշ Սարգսյանի զինվորական հագուստները։

Հետազոտության ընթացքում պաշտպանող փաստաբան Նորիկ Նորիկյանը նշեց, որ հագուստի վրա հրդեհի կամ այրվածքի որևէ հետք չկար։ Նրա խոսքով՝ հագուստի վրա նկատվեց միայն կտրվածք, որը գտնվում էր թևի և դիմացի հատվածի միջև։ Այս փաստը համապատասխանում է նախկինում դատարանում հետազոտված մեղադրյալ Եղիշե Հակոբյանի մուշտակի հետազոտության արդյունքներին, որի վրա նույնպես հրդեհի հետքեր չկարին։

Հետազոտության օբյեկտ դարձավ նաև այն վառարանը, որից, ըստ պաշտոնական տարբերակի, սկսվել էր հրդեհը։ Դատական նիստի ընթացքում մահացած զինվորներից մեկի հայրը դատարանին ներկայացրեց իր կասկածները՝ վառարանի կառուցվածքի վերաբերյալ։ Նա նշեց, որ Եղիշեն պնդում է, թե կրակը տվել է իր դեմքին, սակայն, իր կարծիքով, եթե վառարանը լցնեն բենզինով, այն չի կարող այսպես կրակ տալ դեմքին։ Նա խնդրեց դատարանին միջնորդել փորձարկում անցկացնելու համար։

Փաստաբան Նորիկյանը նաև նշեց, որ վառարանի խողովակները ունեն բացվածքներ, որոնք, նրա կարծիքով, ցույց են տալիս, որ խողովակները ամբողջական չեն, բացակայում են արմունկները և քանակով պակաս են։