Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրությունների ընթացքում, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ՔՊ) հանդիպում է բազմաթիվ ընդդիմադիր ուժերի դիմակայությանը, ընտրական դաշտին նոր, անսպասելի դիմացկունություն է հայտնվել՝ «Բոլորին դեմ» (ԲԴ) քաղաքական շարժումը։ Այս նախաձեռնությունը, որը փորձում է ընտրություններին մասնակցել ոչ թե որպես սովորական քաղաքական կուսակցություն, այլ որպես բոլոր քաղաքական ուժերի բացասում, խախտում է ընտրական դինամիկայի սովորական ընթացքը։
ԲԴ-ի հիմնական նպատակը 100-օրյա կառավարություն ձևավորելն է՝ փոխելով ընտրական օրենսդրությունը, չեղարկելով կայուն մեծամասնության սկզբունքը, նվազեցնելով ընտրական շեմը մինչև 1% և քվեաթերթիկում ամրագրելով «բոլորին դեմ եմ» տողը։ Սա, առաջին հայացքից, կարող է ընկալվել որպես հասարակական խոր դժգոհությունն ինստիտուցիոնացնելու փորձ, սակայն ավելի մանրակրկիտ վերլուծությունը բացահայտում է հիմնարար հակասություն։
«Բոլորին դեմ» կարգախոսը պարադոքս է։ Շարժումը, որը հանդես է գալիս ժխտողական լեզվով, իրականում առաջարկում է ընտրողին քվեարկել ոչ թե «բոլորին դեմ», այլ հե՛նց իր օգտին։ Սա ինքնահաստատման միջոց է, որտեղ ժխտումը դառնում է ինքնաընդունման ձև։
Համաշխարհային ընտրական պրակտիկայում կա նման, բայց էությամբ բոլորովին այլ կարգ։ Հնդկաստանում 2013 թվականից սկսած ընտրողը կարող է քվեարկել «Վերոնշյալներից ոչ մեկը» (None of the Above) տարբերակի՝ NOTA-ի օգտին։ Սակայն NOTA-ն քաղաքական շարժում կամ կուսակցություն չէ, այլ ընտրական տարբերակ։ Այն ոչ թե առաջադրում է թեկնածուներ, ոչ թե ստանում է մանդատներ, այլ ծառայում է որպես ինստիտուցիոնալ ախտանշան՝ ցույց տալու, որ ընտրողների որոշակի մասը մերժում է առաջարկվող ընտրությունը։ Հնդկաստանում «բոլորին դեմ»-ն ինստիտուցիոնալ բողոք է, իսկ Հայաստանում փորձ է արվում այն դարձնել իշխանության ձևավորման սուբյեկտ։
Այս համատեքստում, ԲԴ-ի նախաձեռնությունը առանձնանում է իր ագրեսիվության և նպատակահակ լինելու պատճառով։ Թվարկված օրինակներում «բոլորին դեմ» դիրքավորումը մնացել է զուտ համակարգային ճգնաժամի ախտանշան, իսկ Ռուսաստանում, որտեղ նման տողը վերացվել է որպես քաղաքական անկայունության աղբյուր, այն հիմա օգտագործվում է միայն տեղական մակարդակում՝ առանց իշխանության ձևավորման վրա իրական ազդեցության։
Այս ամենի ֆոնին ծառանում է հարց, թե ո՞վ է իրականում շահում այս իրավիճակից։ Ես առաջադրում եմ վարկած, որ ԲԴ-ն կարող է օբյեկտիվորեն ձեռնտու լինել և՛ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, և՛ որևէ ընդդիմադիր ուժին։
Եթե ՔՊ-ն ունի կայուն, բայց մեծամասնություն ձևավորելու համար ոչ բավարար ընտրազանգված, ապա ԲԴ-ն կարող է գործել որպես քամոց՝ կլանելով գաղափարապես չկողմնորոշված դժգոհ ընտրողին և թուլացնելով ընդդիմադիր դաշտում իր մրցակիցներին։ Այսպիսով, ԲԴ-ն դառնում է ընդդիմության ներսում ուժերի վերաբաշխման գործիք։
Ինչ վերաբերում է ՔՊ-ի հնարավոր շահին, ապա այն կապված է ընտրողների դժգոհությունը խաղարկելու (մանիպուլացնելու) վրա հիմնված նախաձեռնությունների բնույթի հետ։ Երբ իշխանությանը քննադատող ընտրողները ձայն են տալիս ոչ թե ընդդիմադիրներին, այլ ծրագրային առումով անորոշ նախաձեռնության, ապա շատ ձայներ «փախելու» դեպքում արդյունքը կարող է լինել գործող իշխանության հարաբերական առավելության ապահովումը՝ նույնիսկ նվազած հանրային աջակցության պարագայում։
Անկախ վերջնարդյունքից, «բոլորին դեմ» մոդելը պարունակում է համակարգային ռիսկեր։ 100-օրյա կառավարությունը չունի հստակ լեգիտիմացման աղբյուր, կայուն մեծամասնության չեղարկումը կարող է հանգեցնել կառավարության քրոնիկ ճգնաժամի, իսկ ընտրական շեմի կտրուկ իջեցումը՝ խորհրդարանի բզկտման։
Այսպիսով, «Բոլորին դեմ» նախաձեռնությունը, թեև կարող է ընտրապայքարին թարմություն հաղորդել, իրականում ներկայացնում է ոչ թե հասարակական ցանկություն, այլ ինստիտուցիոնալ ճգնաժամի ախտանշան, որի շահառուները կարող են լինել ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը՝ իրենց հաշվարկներով։