Բաքվի դատարանը հրապարակել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ սկսված «դատավարության» վերջնական վճիռները։ Այս «դատավարությունը», որը մեկնարկեց 2025 թվականի հունվարի 17-ին, ավարտվեց ցմահ ազատազրկման դատապարտումներով Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, ՊԲ նախկին հրամանատար գեներալ Լևոն Մնացականյանի, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ գեներալ Դավիթ Մանուկյանի, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի և Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի համար։ Բաքվի դատարանը 20 տարվա ազատազրկման դատապարտեց նաև Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին։

Թեև այս իրադարձությունը ինքնին ավարտուն է, այն իրականում միայն մեկ ակտ է ավելի մեծ և բարդ գործընթացի մեջ, որի հիմնական թիրախը Հայաստանի Հանրապետությունն է։ Բաքվի «դատավարությունը» իրականում ոչ թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ էր, այլ Հայաստանի Հանրապետության և ՀՀ զինված ուժերի դեմ։ Այս եզրակացությանը հասնելու համար բավական է վերլուծել «դատական նիստերին» քննության առնված նյութերի թեման, բովանդակությունը և մեղադրողների հարցադրումները։

Բաքվի «դատական» մարմինները անդրադարձ են արել 2016 թվականի Ապրիլյան մարտական գործողություններին, 2020 թվականի հուլիսյան մարտերին և 44-օրյա պատերազմին առնչվող «Գյանջայի դեպքերին»։ Վերջինի համատեքստում մեղադրական սլաքն ուղղվում էր Հայաստանի Հանրապետության դեմ՝ հատկապես ՀՀ զինված ուժերի և այդ ժամանակվա ռազմական ղեկավարության դեմ։ Այսպիսով, Բաքուն ոչ միայն ցանկանում էր պատասխանատվության տանել Արցախի ղեկավարներին, այլև ստեղծել իրավական հիմք Հայաստանի դեմ հնարավոր ապագա հայցադիմումների համար։

Այս «իրավական բազան» ավելի է ամրապնդվում Բաքվի կողմից իրականացվող այլ քաղաքական և տեղեկատվական գործողություններով։ Օրինակ, Բաքվում ստեղծվել է «արևմտյան Ադրբեջան» անվանումով վիրտուալ հանրագիտարանային ռեսուրս, որը ներառում է քարտեզներ, որոնց վրա «արևմտյան Ադրբեջան» է նշանակված Հայաստանի տարածքների զգալի մասը, այդ թվում՝ Երևանը և Գյումրին։ Այս քարտեզները, որոնք հիմնված են ադրբեջանական պատմական նկարագրությունների վրա, փորձում են ապացուցել, թե Հայաստանի տարածքները պատմականորեն եղել են Ադրբեջանի մաս։

Այս ամենը վկայում է, որ Բաքվի կողմից Հայաստանի դեմ իրավաքաղաքական պատերազմը դեռևս չի ավարտվել։ Այն շարունակվում է միջազգային հարթակում, տեղեկատվական ռազմավարության միջոցով և, ինչպես ցույց է տալիս Բաքվի «դատավարությունը», կարող է ցանկացած պահի օգտագործվել որպես քաղաքական շանտաժի գործիք։ Այս պայքարը, որը հիմնված է պատմական պնդումների և ապատեղեկատվության վրա, պահանջում է Հայաստանի կողմից համապարփակ և համակարգված պատասխան՝ իրավական, քաղաքական և տեղեկատվական ոլորտներում։