«Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը դատական նիստում հարցադրել է գործի բնույթը՝ նշելով, որ եթե գործի ծավալի 30 տոկոսը՝ գաղտնալսումների ձայնագրությունները, չեն լսվում, ապա դա հարց է առաջացնում՝ ո՞նց կարելի է մարդկանց որևէ բան վերագրել։

Նրա խոսքով՝ գործի մեջ կան հատվածներ, որտեղ նշվում են անուններ, սակայն հետո հայտնվում է տեղեկություն, որ այդ հատվածները չեն լսվում։ Սրբազանը ենթադրել է, որ հնարավոր է, որ այդ հատվածները կտրել, մաքրել կամ խմբագրել են՝ ապա գրել, որ դրանք չեն լսվում։

«Չլսվող և փորձաքննություն չանցած գաղտնալսումներով ո՞նց եք այս մարդկանց ինչ-որ բան վերագրում՝ ինձ էլ ներառյալ։ Դուք եք արել ուրեմն, ով ստեղծել է այս գործը, ինքն էլ արել է։ Իր տանը նստել է, որոշել է՝ պետք է ձայներ ձայնագրի, սա անի, նա անի և ներկայացնի որպես փաստ»,- ասել է Սրբազանը՝ ընդգծելով, որ նման դեպքում ամբողջ գործը համարում է գոյություն չունեցող։

Նա հորդորել է մեղադրողներին՝ եթե իրավական մասը շրջանցելու որոշում են կայացրել, ապա պետք է ցուցաբերեն տղամարդկություն՝ բարոյական մասը չշրջանցելու համար։ «Մեղադրողներին ասում եմ՝ եթե իրավական մասը շրջանցելու եք, տղամարդկություն ունեցեք՝ բարոյական մասը մի շրջանցեք»,- նշել է նա։

Ելույթի ավարտին դահլիճում ծափահարել են։