Իրավիճակը սկսվեց այն բանից, որ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը սոցցանցի իր էջում անդրադարձել էր Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հայտարարություններին։ Մարզպետը գրել էր՝ «Սերժը մի պատգամավոր ունի՝ Տիգրան Աբրահամյան անունով։ Սա եթերում լոպազացել է Արգիշտի Մեխակյանի մասով ու մտել է բունը։ Բնից դուրս արի, Տիգրա՛ն, հել դիմացներս, ինչքան շուտ հելնես, էտքան քո բաժին չափալախը շուտ կստանաս»։
Այս արտահայտության կապակցությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հարուցել է վարույթ։ Հանձնաժողովը գտել է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձի կողմից արված այս հայտարարությունը կարող է ողջամտորեն ընկալվել որպես առերևույթ բռնության սպառնալիք։ Վարույթը նախաձեռնվել է Կանոնագրքի 48-րդ կետի խախտման կապակցությամբ։
Հանձնաժողովը նշել է, որ գրավոր խոսքի դեպքում անձը ունի հնարավորություն վերաձևակերպելու իր հայտարարությունը՝ բացառելով դրա բռնության սպառնալիքի տեսքը։ Ամենայն հավանականությամբ, մարզպետի նկատմամբ կկիրառվի կարգապահական տույժ։
Վահրամ Խաչատրյանի ունեցվածքի և եկամուտների մասին
Հանրային լրատվության համար նշանակության ունեցող էլեկտրոնային հայտարարագրի համաձայն՝ Վահրամ Խաչատրյանը 2024 թվականին հայտարարագրել է 6 անշարժ գույք՝ 2 հողամաս, 2 ավտոկայանատեղի, 1 ավտոտնակ և 1 հասարակական նշանակության շինություն։ Ավտոկայանատեղիները գտնվում են Երևանում, իսկ մյուս գույքը՝ Նորապատ համայնքում։
Նրա տրանսպորտային միջոցների կազմում են 2013 թվականին ձեռք բերված CITROEN մարդատարը և տարվա ընթացքում ձեռք բերված 2014 թվականի արտադրության MERCEDES-BENZ-ը, որի արժեքը կազմել է 7 մլն 344 հազար դրամ։
Մարզպետը հայտարարագրել է նաև 33 հազար դոլար արժողությամբ Rolex ժամացույց, 20 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր և 50 մլն 131 հազար դրամ արժողությամբ բնակարանի գնման իրավունք։
Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 հազար 469 դրամ, իսկ կնոջը վարձակալության տրամադրված ՍՊԸ-ից ստացված եկամուտը՝ 3,6 մլն դրամ։
Հաշվետու տարվա ընթացքում մարզպետի ընդհանուր եկամուտները կազմել են 13 մլն 499 հազար դրամ, որից 8 մլն 332 հազարը՝ աշխատանքի վարձատրություն է Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանից։
Վահրամ Խաչատրյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է։