Արմավիրի մարզի դատարանը երկամսանոց ժամկետով երկարաձգել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի կալանքը։ Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Ըստ փաստաբանի՝ դատական որոշումը «բացահայտ անհիմն է» և «հերթական ճնշման միջոց»։ Նա նշում է, որ գործով հիմնական վկան դատարանում տվել է ցուցմունք, որը լիովին տարբերվում է նախաքննության ընթացքում տրվածից։ Վկան հստակ նշել է, որ Գևորգ Ներսիսյանը չի արտահայտել որևէ բացասական կարծիք կամ չի մասնակցել վեճի։

Զոհրաբյանը նաև ընդգծում է, որ վկան հայտնել է, որ իրեն ստիպել են գնալ և ներկայացնել հաղորդում։ Դատարանի որոշումը, որի հիմնական դատավորն է Գևորգ Մանուկյանը, նրա խոսքով, «հարմարեցրել է ամեն ինչ»՝ չնայած այն հանգամանքին, որ Գևորգ Ներսիսյանը 69 տարեկան կենսաթոշակառու է, որը տառապում է առողջական խնդիրներից։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին դատարանը որոշում էր կայացրել կալանավորել Գևորգ Ներսիսյանին և նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին՝ մեկ ամսով։ Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ «Հանրապետություն» կուսակցության նախընտրական արշավը խոչընդոտելու կասկածանքով։ Ըստ քննչական մարմինների՝ նրանք 2025 թվականին Վաղարշապատ համայնքում խոչընդոտել են կուսակցության նախընտրական աշխատանքները։