Պատերազմը ջրբաժան դրեց երիտասարդ գեղանկարչի Արամ Պողոսյանի կյանքի ու անմահության միջև։ Նա ծնվել էր արվեստի համար, բացառիկության կնիքով։ Պատանի գեղանկարչի բազմաթիվ աշխատանքներում կյանքն ապրում է իր ուրույն փիլիսոփայությամբ, այն ասես զրույց է, որի իմաստն ու խորությունը հասկանալի է դարձրել նրա ֆիզիկական բացակայությունը։ Արամը կարծես ապրում է այն եզերքում, որը նրա սյուրռեալիստական գործերում ներկայանում է հաճախ այլ էներգետիկ աշխարհով, մի ինքնատիպ ու հաստատուն իրականությամբ, ուր ժամանակը հոսում է հավերժության մեջ ու չկա վախճան, կա անընդհատ կատարելագործվելու մի բացառիկ իրավիճակ։
Արամ Արթուրի Պողոսյանը ծնվել է 1997 թվականին, Երևանում։ Նրա արվեստի հանդեպ սերը վաղ տարիքից էր ի հայտ եկել։ Դեռ տառաճանաչ էլ չէր, բայց նկարում էր ու կարողանում էր բացատրել, թե իր պատկերացմամբ ինչ է պատկերել։ Դպրոցում, առաջին դասարանում «Հրաշք տետր» կար, որտեղ երեխաները նկարում էին, և ծնողների փոխարեն ինքը միշտ իր աշխատանքը ներկայացնում էր։ Երկրորդ դասարանից տեղափոխվել են Հակոբ Կոջոյանի անվան դպրոց, որը դարձավ նրա ուղին դեպի գեղարվեստի ակադեմիա։
Նա սովորել է Հակոբ Կոջոյանի կրթահամալիրում, որն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի գեղարվեստի ակադեմիայի դիզայնի բաժինը, որտեղ ավարտել է կարմիր դիպլոմով։ 6 ամիս ծառայել է Հոկտեմբերյանի զորամասում, ապա տեղափոխվել Կուբաթլու, որտեղ ծառայել է որպես տանկի հրամանատար և ավագ սերժանտ։ Զոհվել է Ջաբրայիլում, հոկտեմբերի 5-ին։ Հետմահու պարգևատրվել է Արիության շքանշանով։
Գեղարվեստի ակադեմիայում սովորելու տարիներին Արամը բացառիկ ուսանող էր։ Նա ինքնուրույն ուսումնասիրել ու սովորեցրել է եռաչափ մոդելավորման ծրագրեր, ինչը բավականին բարդ էր, բայց իր համար բացարձակ դժվարություն չէր ներկայացնում։ Նրա ոճը բոլորից տարբերվում էր, նկարները գնալով ավելի փիլիսոփայական էին դառնում ու կարծես անբացատրելի։ Նույնիսկ իր զոհվելուց հետո, երբ կազմակերպվեց նրա ցուցահանդեսը, հոգեբանները բացատրեցին, որ նրա նկարներում արտացոլված էր իր գնալու ժամանակը։
Արամը երազում էր ուսումը շարունակել Իտալիայի Միլան քաղաքում։ Նա իր ամբողջ ուժն ու եռանդը դրել էր իր ուսման մեջ։ Ծառայության ժամանակ իր ծառայակից ընկերոջ հետ որոշել էին հիմնել օրգանիկ ելակի արտադրություն, և Արամն արդեն իսկ ստեղծել էր իրենց տարբերանշանը։ Նա նաև նախագծում էր իր ապագա տունը՝ մեծ ապակիներով ու պարտեզով, որը դեռ կառուցվելու է։
Պատերազմի ժամանակ, ծառայելով որպես տանկի հրամանատար, Արամը զոհվել է Ջաբրայիլում։ Նրա մայրը, տիկին Կարինեն, խոստովանել է, որ սկզբնական շրջանում մահացու ցավը նրան մնացել էր, բայց հետագայում, հասկանալով, որ իր որդին կյանքի իմաստ է տվել հայրենիքի համար, կարողացել է հավաքվել ու շարունակել ապրել։ Նա ասում է, որ ապրում է հանուն իր աղջկա և թոռների, և միշտ հաշվի է առնում, թե ինչ կուզեր իր որդին։ «Մենք վիրավոր սիրտ ունենք, որը կարող է ամեն ինչից էլ խոցվել, ուրիշ կերպ հասկանալ»,- ասում է տիկին Կարինեն՝ խնդրելով հասարակությանը ցուցաբերել հարգանք մեր հանուն ոչնչի գնացածների հանդեպ։ Նա ցանկանում է, որ երբեք չլինեն պատերազմներ, որտեղ մարդիկ կորցնեն իրենց երազանքները և կյանքը։