Հունվարի 16-ին, Արագածոտնի մարզում տեղի է ունեցել մի դեպք, որի հետևանքով 9-ամյա երեխա ստացել է մարմնական վնասվածքներ։
Օպերատիվ տեղեկություն ստացվել է ոստիկանության Ապարանի բաժնում։ Ըստ տեղեկությունների՝ մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցի բակում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով 9-ամյա Դ․ Բ․-ին «Քթի փակ վնասվածք, կոտրվածք հարցականով, քթային արնահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխել «Ապարան» բժշկական կենտրոն։
Ոստիկանության կողմից իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ վիճաբանության մասնակիցներն էին Դ․ Բ․-ն և նրա երկու համադասարանցիները՝ 9-ամյա Ա․ Գ․-ն և 9-ամյա Գ․ Պ․-ն։ Դեպքը տեղի է ունեցել նույն օրը՝ ժամը 16։30-ի սահմաններում։ Ա․ Գ․-ն և Գ․ Պ․-ն հարվածներ են հասցրել Դ․ Բ․-ի դեմքի շրջանին։
Դեպքի փաստով կազմվել են համապատասխան փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Ապարանի քննչական բաժին։