Ախուրյան խոշորացված համայնքում 2024 թվականին իրականացվող թափառող շների ստերջացման ծրագրի իրական մասշտաբները զգալիորեն տարբերվում են նախկինում հրապարակված տվյալներից։ 2023 թվականին, որպես փորձնական ծրագիր, համայնքը ստերջացրել էր ընդամենը 35 շուն։ Իսկ այս տարի, համայնքապետարանի հաշվառմամբ, ստերջացման ենթակա շների թիվը հասել է 850-ի։
Այս փաստը բացահայտվեց այն բանից հետո, երբ համայնքի վարչական ղեկավարները հանձնարարական ստացան՝ ներկայացնելու իրենց տարածքում առկա թափառող շների քանակը։ Ախուրյան բնակավայրում հաշվառվել էր 140 շուն, Ազատանում՝ 240, Արևիկում՝ 40, Մայիսյանում՝ 30, Մարմաշենում՝ 15, Վահրամաբերդում՝ 10, Ոսկեհասկում՝ 80, Հայկավանում՝ 35, Ղարիբջանյան գյուղում՝ 25, Այգաբացում՝ 10 շուն և այլն։
Ծրագրի իրականացման համար համայնքը բյուջեից հատկացրել էր 25 մլն 500 հազար դրամ։ Մրցույթի միակ հաղթողը դարձել է «Կումնի» ՍՊԸ-ն, որի նկատմամբ նույն թվականի մարտին Գյումրիում բարձրացված աղմուկի պատճառով քրեական վարույթ էր նախաձեռնվել։ Շիրակի մարզի դատախազությունը վարույթը կարճել էր համայնքապետարանից ստացած փաստաթղթերի հիման վրա։
Հետաքրքրական է, որ «Կումնի» ՍՊԸ-ն, որը կենդանապաշտպանների կողմից մեղադրվում էր շների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, երկամսյա ընդմիջումից հետո հաջողությամբ մասնակցում է հարևան համայնքում հայտարարված մրցույթին։
Ախուրյանում մեկ շան ստերջացման համար սահմանված մրցութային գինը եղել է 30 հազար դրամ, «Կումնի» ՍՊԸ-ն մրցույթը շահել է՝ առաջարկելով 28 հազար 810 դրամ (ներառյալ ԱԱՀ) մեկ շան համար։ Գյումրիում նույն կազմակերպությունը 500 շան ստերջացման համար առաջարկել էր 17 հազար 834 դրամ։
Ծրագրի իրականացման ընթացքում նախապես հայտարարված մրցութային թիվը փոխվել է։ Ըստ «Ախուրյանի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Վլադիմիր Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ վճարումներն իրականացվել են կոնկրետ ներկայացված քանակի համար։ Օրինակ, կազմակերպությունը ներկայացրել է 7 ստերջացված շուն, և համայնքը վճարել է դրա դիմաց, իսկ արդյունքում ստացվել է 350 ստերջացված շուն։
Այս տարի համայնքը փորձում է ավելի շրջահայց լինել և համագործակցել կենդանասերների հետ՝ ծրագրի իրականացման վերահսկողությունը բարելավելու նպատակով։