Հունվարի 30-ին Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ընդունել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովին։ Այս մասին հայտնում է Պակիստանում Ադրբեջանի դեսպանատան կողմից տարածված պաշտոնական հաղորդագրությունը։
Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև բազմակողմ համագործակցության հարցերը, այդ թվում՝ պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցությունը խորացնելու հնարավորությունները։ Կողմերը հատուկ ընդգծել են «բարեկամական և եղբայրական երկրների» դիրքորոշումը տարածաշրջանային և միջազգային բոլոր հարթակներում փոխադարձաբար պաշտպանելու կարևորությունը։
Խոսակցությունները կայացել են Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդաժողովի (ԱՊՎՀ) անդամ երկրների շրջանակում, որտեղ Ադրբեջանը ներկայումս նախագահություն է իրականացնում։
ԱՊՎՀ-ն, որը հիմնադրվել է 2002 թվականին, հավաքում է Ասիայի տարածաշրջանի 27 երկիր։ Կազմակերպության անդամներն են Աֆղանստանը, Բահրեյնը, Բանգլադեշը, Կամբոջան, Չինաստանը, Եգիպտոսը, Հնդկաստանը, Իրանը, Իրաքը, Իսրայելը, Հորդանանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Քուվեյթը, Մոնղոլիան, Պակիստանը, Պաղեստինը, Կատարը, Ռուսաստանը, Հարավային Կորեան, Շրի-Լանկան, Տաջիկստանը, Թայլանդը, Թուրքիան, Արաբական միացյալ էմիրությունները, Ուզբեկստանը և Վիետնամը։ Կազմակերպության դիտորդ անդամներն են ԱՄՆ-ը, Ճապոնիան, Ինդոնեզիան և Ուկրաինան։
Այս հանդիպման ֆոնին ակնհայտ է դառնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նպատակը՝ ԱՊՎՀ-ն վերածել միջազգային կազմակերպության։ Այս նախաձեռնությունը կարելի է համարել աշխարհաքաղաքական կարևոր նախագիծ, որի թիկունքում կարող է լինել ավելի հեղինակավոր ուժ։
Այս հարցում ակնհայտ է նաև Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիեևի վերջերս հնչեցրած գնահատականը, որը նա արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո․ «Թուրքիան վերածվել է միջազգային քաղաքականության ուժային ինքնուրույն կենտրոնի»։ Այս հայտարարությունը կարող է համարվել ԱՊՎՀ-ի հնարավոր վերափոխման գործընթացի հիմնական դրդապատճառներից մեկը։
Այսպիսով, Ադրբեջանի և Պակիստանի միջև համագործակցության խորացումը կարող է դիտարկվել որպես նոր տարածաշրջանային կառույց ստեղծելու և միջազգային ասպարեզում ավելի մեծ ինքնուրույնություն ձեռք բերելու ռազմավարական քայլ։