Աբու Դաբիում աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամի հետ։

Հանդիպման ընթացքում Մուհամմադ Աբդելսալամը շնորհակալություն է հայտնել վարչապետին հրավերն ընդունելու և այսօր կայանալիք «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակաբաշխությանը մասնակցելու համար՝ նշելով, որ վարչապետի ներկայությունը միջոցառմանը բարձր է գնահատվում։

Կողմերը համաձայնվել են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի՝ մրցանակին արժանանալու փաստը կարևոր ազդակ է, որը կնպաստի երկու երկրների միջև խաղաղության օրակարգի առաջխաղացմանը։ Նրանք նաև կարծում են, որ այս նախաձեռնությունը կնպաստի տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման ուղղությամբ հետևողական առաջընթացին։

Վարչապետ Փաշինյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար՝ ընդգծելով խաղաղության և փոխադարձ վստահության վրա հիմնված նախաձեռնությունների կարևորությունը։